Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական վերածնունդ է նկատվում: Ադրբեջանական ընդդիմությունը հերթական անգամ փորձում է համախմբվել նախագահական ընտրություններից առաջ: Եվ չնայած դրանք կայանալու են հաջորդ տարի, ընդդիմության առաջնորդները հայտարարում են համաձայնության գալու և գործող նախագահ Իլհամ Ալիևին միասնական թեկնածուով դիմակայելու մտադրության մասին: Ի դեպ, իշխող կուսակցությունն արդեն առաջարկել է Ալիևին ևս մեկ նախագահական ժամկետի համար պայքարել:
Տեղի փորձագետները կասկածանքով են վերաբերվում ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչների հավակնությունների արդյունավետությանը: Այս մասին հաղորդում է «Независимая газета»-ն:
Շոգ ամառվանից հետո հաստատված մեղմ եղանակը արտահայտվում է հանրապետությունում քաղաքական կյանքը վերածնելու փորձերում: Վերջին օրերին Բաքվում թեժ քննարկումներ են սկսվել 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:
«Ընդդիմությունը չի կարող միավորվել, քանի որ անձնական հավակնությունները դա թույլ չեն տա: Հիշեք 1998 թվականը, երբ ընդդիմադիրները միավորվեցին տարբեր միություններում, սակայն երբ հարցը հասավ միասնական թեկնածուին, նրանք պատրաստ էին միմյանց կոկորդ կրծել: Նրանք նույնիսկ իրենց գաղափարական առաջնորդ Էլչիբեյին թույլ չտվեցին օգտագործել միասնական թեկնածու դառնալու իրավունքը,- ասել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Արազ Ալիզադեն։- Չեմ հավատում նրանց միավորմանն ու գաղափարներին»:
«Ընդդիմությունը, որը հեռացել է քաղաքական և ժողովրդավարական իդեալներից, ի վիճակի չէ բարեփոխումներ իրականացնել»,- ասել է ընդդիմադիր «Մեծ արարման» կուսակցության ղեկավար Ֆազիլ Մուստաֆան:
Քաղաքական գործիչների խոսքերը հիմնավորումներ ունեն: Այսօր միասնական թեկնածուով ընտրությունների գալու կոչերի ֆոնին, որպես այդպիսին՝ իրենց տեսնում են մի քանի անհատներ: Այդ մասին առաջինը հայտնել են «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին և «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:









































