Այս տարվա հուլիսին սննդամթերքի համաշխարհային գները բարձրացել են 10 տոկոսով` 2011-ի հուլիսի համեմատ: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Համաշխարհային բանկին:
Կազմակերպության տվյալներով` եգիպտացորենի և հացահատիկի գները բարձրացել են 25 տոկոսով, սոյայի հատիկներինը` 17, իսկ շաքարավազինը` 12 տոկոսով: Չի բարձրացել միայն բրնձի գինը, նույնիսկ անցած տարվա հուլիսի համեմատ նվազել է 4 տոկոսով:
Համաշխարհային բանկը նշում է, որ սննդամթերքի գների «պատմական» աճը բացասաբար է ազդում միլիոնավոր մարդկանց առողջության և բարեկեցության վրա: Ամենից շատ տուժում են հացահատիկ ներկրող երկրները:
ԱՄՆ-ում սոսկալի երաշտի պատճառով ոչնչացել են եգիպտացորենի և սոյայի ցանքատարածքները: Եգիպտացորենի գնաճի հիմնական պատճառն այն է, որ այդ մշակաբույսը օգտագործվում է որպես կենսավառելիքի ստացման աղբյուր: Այդ նպատակով է օգտագործվում ԱՄՆ-ում ստացվող եգիպտացորենի բերքի 40 տոկոսը:
Համաշխարհային բանկը կառավարություններին կոչ է արել ֆինանսավորել օգնության ծրագրերը բնակչության այն խմբերի համար, որոնք մեծապես տուժել են սննդամթերքի գնաճից: Սննդամթերքի գների բարձրացման հարվածն առավելապես ազդել է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների վրա:









































