Մեծ Բրիտանիայում այսօր հիշում են «ժողովրդական արքայադստերը»` Դիանային, ով մահացել է ուղիղ 15 տարի առաջ` Փարիզում, ավտովթարից: Չնայած անցել է բավականին ժամանակ, սակայն «լեդի Դի»-ն և նրա ծավալած գործունեությունը չեն մոռացվել:
Ակնկալվում է, որ Միացյալ Թագավորության տարբեր շրջաններից հարյուրավոր հյուրեր կհիշեն Ուելսի արքայադստերը իր նախկին լոնդոնյան նստավայրի` Քենսինգթոնյան պալատի մոտ: 1997 թ. պալատի ոսկե դարպասների մոտ հազարավոր մարդիկ` որպես հարգանքի տուրք, ծաղիկներ, բացիկներ և մոմեր էին տեղադրել: Այսօր պալատում այդ առիթով ոչ մի միջոցառում չի նախատեսվում: Սակայն պետք է նշել, որ գործում է արքայադստեր անձնական իրերի և հագուստների ցուցահանդեսը, որոնք նա կրել է նախորդ դարի 80-90-ականներին:
«Լեդի Դի»-ի հիշատակը հարգելու նպատակով երկրպագուները հավաքվելու են նրա պատվին անվանակոչված «Դիանա» սրճարանում: Այս սրճարանի տերն իր հաստատությունը կոչել է արքայադստեր անվամբ, երբ մի օր նկատել է, թե ինչպես է վերջինս իր երեխաներին ուղեկցում դպրոց: Դիանան սկզբնական շրջանում այստեղ էր լինում թիկնապահների ուղեկցությամբ, սակայն հետագայում այցելում էր առանց նրանց, երբեմն էլ` որդիների հետ:
Դժբախտ պատահարի տարելիցի նախօրեին բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դիանայի ավագ որդին` Ուիլյամը, և նրա կինը` Քեթրինը, մասնակցելու են Դիանայի անվամբ օրխիդեայի տեսակներից մեկի անվանակոչման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին` Սինգապուրի Բուսաբանական այգում: Սա նախատեսված էր իրականացնել դեռևս 1997 թ. արքայադստեր` ասիական երկրներ նախատեսված այցի ընթացքում, սակայն ճակատագրական պատահարի պատճառով դա տեղի չունեցավ: Իսկ նրա որդին և կինը այցելելու են Սինգապուր` Ելիզավետա 2-րդի կառավարման 60-ամյա հոբելյանի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակներում:
Դիանան մահացել է 36 տարեկանում` ավտովթարից: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 1997 թ. օգոստոսի 31-ի գիշերը` Փարիզում: Մեքենայում նա եղել է ընկերոջ` 42-ամյա Դոդ Ալ-Ֆայեդի հետ: Մեքենայում գտնվող բոլոր մարդիկ` ներառյալ վարորդը, մահացել են:
Բրիտանացիները և օտարերկրացիները սիրում և հարգում էին արքայադստերը բնածին հմայքի, բարեկրթության, ինչպես նաև կատարած մարդասիրական գործունեության համար: Հարցազրույցներից մեկում Դիանան հայտարարել էր, որ կցանկանար դառնալ «սրտերի թագուհի»:







































