Պենտագոնը չի բացառում ամերիկյան «Ծովային կատուներ» ռազմական ստորաբաժանման նախկին ներկայացուցչի դեմ կոշտ միջոցառումներ կիրառելու հնարավորությունը: Վերջինս մասնակցել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման օպերացիային և այդ մասին գիրք գրել:
Նախազգուշական նամակը Պենտագոնի իրավաբաններն ուղարկել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի նախկին սպա Մեթ Բիսոնետին:
ԱՄՆ պաշտպանության նախարարության իրավաբանների խոսքով` «Դժվար օր» գրքի հեղինակը խախտել է օպերացիայի գաղտնիության պահպանման` կառավարության հետ ունեցած համաձայնությունը, իսկ գրքի հետագա տարածումն էլ ավելի կխորացնի խախտումները:
Գրքի հեղինակը հանդես է գալիս Մարկ Օուեն կեղծանվամբ: Գիրքը դեռևս վաճառքում չէ, սակայն դրա պատճենն արդեն հասանելի է որոշ ԶԼՄ-ների:
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենին ամերիկյան ուժերը ոչնչացրել են պակիստանյան Աբոտաբատ քաղաքում:











































