Այսօր՝ ժամը 14:00-ին, ինքնաբացարկ է ներկայացրել Կապանի քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը: Նա իր հայտարարության մեջ նշել է, որ օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ, որ իր կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզաբանում ստանալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից:
– Պարոն Խաչատրյան, այսօր Կապանի քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Արդյոք ծանո՞թ եք նրա տարածած հայտարարությանը:
– Ծանոթ եմ: Նա ինքնաբացարկ է հայտարարել, որ ավելորդ լարվածություն չլինի:
– Ի՞նչ լարվածության մասին է խոսքը:
– Երբ ընտրության են գնում, բնականաբար պայքար է ենթադրում, որպեսզի այդ պայքարից խուսափի, այդ մարդն իր թեկնածությունը հանել է:
– Պարոն Խաչատրյան, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Ձեր ճնշման ազդեցությամբ է քաղաքապետի թեկնածուն ինքնաբացարկ հայտնել:
– Մեկ հարցից ավելի հարց եք տալիս: (Սյունիքի մարզպետն այնուհետ անջատեց հեռախոսը):
Նորից զանգեցինք…
– Ասացի, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի, էդ մարդն իր թեկնածությունը հանեց, վսյո:
– Իսկ այն, որ Դուք ճնշել եք Արթուր Աթայանին…
Դարձյալ անջատեց հեռախոսը:





































