«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները որոշել են այս անգամ Սպարտակ Ղուկասյանին պատժել կատարած հանցագործությունների, մասնավորապես օգոստոսի 27-ին տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների հետ կապ ունենալու համար, քանի որ այդպիսով ցանկանում են զսպել նրա հորը՝ Վարդան Ղուկասյանին:
Որոշ տեղեկություններով, իշխանությունները մտավախություն ունեն, որ Վարդան Ղուկասյանը կարող է խնդիրներ առաջացնել Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ. չէ՞ որ նա ունի հզոր մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ: Կարծիք կա, որ Վ. Ղուկասյանը թեև ոչ բացահայտ, բայց պաշտպանելու է քաղաքապետի թեկնածուներից մեկին: Նա նաև պաշտպանելու է ավագանու մի քանի թեկնածուների:
Գաղտնիք չէ, որ նախկինում նույնպես Սպարտակ Ղուկասյանը բազմաթիվ աղմկոտ ու հանցավոր իրադարձությունների մասնակից է եղել, սակայն չի պատժվել: Ասում են, որ կատարած սպանության համար նրա փոխարեն պատիժը կրել է Վ. Ղուկասյանի թիկնապահներից մեկը:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհամաձայնեց այս տեղեկությունների հետ: «Դրանք վարկածներ են, բայց թե դա իրականությանն ինչքան է համապատասխանում: Ես չեմ կարծում, որ Ղուկասյանն այնպիսի անձնավորություն է, որ ամբողջ պետությունը մտածի, թե նա իրեն զուսպ կպահի, թե ոչ»,- ասաց Գ. Սահակյանը:











































