Նախորդ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Հովսեփ Օգոմցյանը կրկին առաջադրել է իր թեկնածությունը Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի ղեկավարի ընտրություններում: «Ժողովուրդ»-ը գրում է, որ անկախացումից ի վեր համայնքի ղեկավար աշխատած Օգոմցյանը, լինելով բնիկ բագրատաշենցի, պարտություն կրեց Ադրբեջանից տեղահանված Արկադի Մակյանից, որը գյուղի դպրոցներից մեկի տնօրենն էր:
Թերթը տեղեկացնում է, որ Հովսեփ Օգոմցյանը նախ ՀՀԿ անդամ էր, ապա դարձավ ԲՀԿ-ական: Արդյունքում ՀՀԿ-ն չներեց նրա «դավանափոխությունը» և չսատարեց, իսկ ԲՀԿ-ն էլ, այդ տարածաշրջանում լինելով «տակավին երիտասարդ», այնպիսի հեղինակություն չուներ, որ կարողանար ազդել ընտրությունների ընթացքի վրա: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե չի՞ վախենում այս անգամ ևս տանուլ տալ, Օգոմցյանը պատասխանեց. «Նախորդ անգամ կրվել եմ, հիմի պիտի կրեմ: Ոչ մեկն էլ չի սատարելու: Ես կուսակցական չեմ: Ու հետո, ուզել ու դրել եմ: Հույսը ժողովուրդն է, թող նա գնահատի` ով ով ա»:









































