Դեմոկրատ Բարաք Օբամայի նախագահության 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է համաշխարհային առաջնորդի դիրքերը: Չորեքշաբթի նման հայտարարություն է արել Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը` ԱՄՆ Հանրապետական կուսակցության համազգային համագումարի ժամանակ:
«Ցավոք, վերջին 4 տարիներին մենք հեռացել ենք գլոբալ առաջատար լինելու մեր ավանդույթներից,- ասել Մաքքեյնը:- Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր դաշնակիցները Լատինական Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում կասկածեն աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերակատարմանը»:
Սենատորը քննադատել է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու Օբամայի հապճեպ որոշումը, ինչպես նաև ԱՄՆ ռազմական բյուջեի կրճատումների վերաբերյալ նախագահի վարած քաղաքականությունը:
Մաքքեյնի խոսքով` Օբամայի օրոք ԱՄՆ-ը դադարել է աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները: «Օբաման բաց է թողել Իրանում հեղափոխությանը բարոյապես աջակցելու պատմական հնարավորությունը, որը թույլ կտար երկիրն ազատել բռնապետությունից, ինչը ահաբեկում է Մերձավոր Արևելքն ու սպառնում աշխարհին»:
Մաքքեյնն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին: «Այն, ինչ սկսվեց որպես խաղաղ ցույց, 18 ամիս անց վերածվեց դաժան պայքարի: Ունենալով Իրանի, «Հըզբոլլահի», Ռուսաստանի աջակցությունը` Ասադը տանկերի, ուղղաթիռների և կործանիչների գործադրմամբ սպանում է տղամարդկանց, կանանց, երեխաներին»,- ասել է նա և հավելել, որ նախկինում ԱՄՆ նախագահները` որ կուսակցությունից էլ լինեին, օգնում էին խիզախ ժողովրդին` պայքարելու իրենց ազատության համար:
Ելույթի վերջում Մաքքեյնը նշել է, որ նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն` Միթ Ռոմնին, հենց այն մարդն է, որը կարող է ԱՄՆ-ին վերադարձնել գլոբալ առաջատարի դերը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Մաքքեյնը նախագահի պաշտոնի համար Օբամայի դեմ պայքարել է Հանրապետական կուսակցությունից:











































