ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ օգոստոսի 29-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են վերացնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջև հակասությունները և դրանք համապատասխանեցնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներին: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն առաջարկող հոդվածը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններին, որոնք իրականացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքով:
Հեղինակների տեղեկացմամբ` ռեկտորների ընտրությանը վերաբերող պահանջները սահմանված են «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում, հետևաբար անհրաժեշտ է վերացնել առկա հակասությունը:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկել է նաև նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված չորս օրինագծերի` հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցը:
Հանձնաժողովը նպատակահարմար գտավ ՀՀ կառավարության հեղինակած «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Կարեն Վարդանյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը և նպատակահարմար չգտավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը:







































