ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի արտասահմանյան շրջագայություն է սկսում, որի ընթացքում կայցելի, մասնավորապես, Չինաստան, Ինդոնեզիա, Ռուսաստան: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Շրջագայության ընթացքում քննարկվելիք թեման Հարավ-չինական ծովում աճող լարվածությունն է: Դեռևս հայտնի չէ` Քլինթոնը կհանդիպի՞ Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ: Նուլանդը նշել է, որ Վաշինգտոնը դեմ է վիճելի հարցերը վախի կամ ուժի կիրառման սպառնալիքներով լուծելուն:
Շրջագայության ավարտին Քլինթոնը կայցելի Վլադիվոստոկ, որտեղ բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանց հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովի բացումից անմիջապես առաջ: