Չմիավորման շարժման անդամները հրատարակված գրքում աջակցություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի-Ասգար Սոլթանիեն:
Սոլթանիեն այդ մասին հայտարարել է Թեհրանում անցկացվող Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի ընթացքում` նշելով, որ գիրքը կազմված է Իրանի միջուկային հարցի վերաբերյալ 2003-2012 թվականների ընթացքում Չմիավորման շարժման անդամների բոլոր հայտարարություններից:
«Միջազգային հանրությունը կտեղեկացվի Իրանի միջուկային ծրագրերի մասին »,- հավելել է նա:
Ըստ նրա հայտարարությունների` Իրանը երբեք չի դադարեցրել միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացումը, համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ, որոնք այցելել են Իրանի միջուկային օբյեկտներ, երբ ցանկացել են:
Սոլթանիեն նշել է, որ Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչները երկու անգամ` 2007 և 2011թթ., այցելել են Իրանի միջուկային օբյեկտներ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականից:
Արևմուտքի երկրներն ու ՄԱԳԱՏԷ-ն կասկածում են Իրանին միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով 4 բանաձև է ընդունել` պահանջելով դադարեցնել ուրանի հարստացումը: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր վերջին զեկույցը ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է փետրվարի վերջին:
Reuters գործակալությունը` հղում անելով զեկույցին, հաղորդում է, որ Իրանը վերջին տարում կրկնակի մեծացրել է հարստացված ուրանի արտադրությունը, որը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար: