Օգոստոսի 28-ին` ժամը 22.30-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցում` Կաթի գործարան կոչվող տարածքում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցի 217/415 տնակի բնակիչ` 1981 թվականին ծնված Արսեն Հայկազի Ավետիսյանին և դիմել փախուստի:
Դեպքի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Առաջին լրատվական»-ի թղթակցին հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Տուժողին, շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Հիվանդանոցի հերթապահ բժիշկը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տուժողը ստացել է գանգուղեղի փակ կոտրվածք:
Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո տուժողը չի ցանկացել բուժումը շարունակել հիվանդանոցում և հարազատների ուղեկցությամբ վերադարձել է տուն:
Տուժող Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքի մանրամասները չի հիշում.
« Տնից դուրս եկա, ընկերոջս տուն գնալու նպատակով, չեմ հիշե թե ինչխ փողոցն անցա, զգացի մենակ ուժեղ հարված»:
Նշենք, որ դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:









































