Համացանցում հայտնվել են Նյու Յորքի համապատկերի հետաքրքրաշարժ լուսանկարները, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել ԱՄՆ-ի այս խոշոր քաղաքը ժամանակի ընթացքում:
Urbanpeek.com կայքում հրատարակված 1876թ. սև-սպիտակ լուսանկարը ցուցադրում է աղմկոտ նավահանգստային քաղաք, որի ափը լի է բեռնատար և մարդատար նավերով: Բրուկլինյան կամրջի շինարարությունն այդ ժամանակ դեռ նոր էր սկսվել:
Հաջորդ լուսանկարում, որը թվագրվում է 1932թ., Բրուկլինյան կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է և գրեթե պատրաստ է նաև ոչ պակաս տպավորիչ Մանհեթենյան կամուրջը: Այդ թվականին Նյու Յորքի Հինգերորոդ պողոտայում արդեն կառուցվել էր աշխարհի ամենաբարձր շենքը` Empire State Building (443,2 մ):
1980-ական թվականները պատկերող հաջորդ լուսանկարում Նյու Յորքն արտադրական կենտրոնից վերածվում է ԱՄՆ-ի կամ նույնիսկ աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, երկնաքերերն այնքան մոտ են իրար կառուցված, որ հիշեցնում են ամրոց: Իսկ Համաշխարհային առևտրի կենտրոն հանդիսացող երկվորյակ աշտարակները «ստվերում են թողնում» բոլոր երկնաքերերը:
2013թ. ֆուտուրիստական համապատկերում երկվորյակ աշտարակների փոխարեն վեր է հառնում Ազատության աշտարակը` նվիրված սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին:












































