Ամերիկյան The Wall Street Journal-ն իր լրագրողների համար գործարկել է WorldStream վիդեո ծառայությունը: Տեսանյութերը կարող են կայք ներբեռնել միայն Wall Street Journal-ի և Dow Jones ընկերության լրագրողները: Մեկ րոպեից ոչ ավելի տևողությամբ հոլովակները կարճ տեսագրություններ են այն վայրից, որտեղ այդ պահին գտնվում է լրագրողը. տեսանյութը նման է կարգավիճակի թարմացման:
Հրապարակումից առաջ բոլոր հոլովակները ստուգվում են խմբագրի կողմից: Տեսագրությունը կայք ներբեռնելով՝ լրագրողները կարող են այն տեղադրել նաև Twitter-ում:
Ինչպես հայտնել է WSJ-ի թվային ծառայությունների գործադիր տնօրեն Ռաջու Նարիզետին, հեռուստադիտողները ցանկանում են տեսնել ոչ միայն բարձրորակ հեռուստատեսային ռեպորտաժներ, այլև դեպքի վայրից չմոնտաժված տեսագրություններ:
Տեսագրությունները կարող են օգտագործվել WSJ-ի կայքի ինտերնետ-նյութերում և մեծ ռեպորտաժներում:
Wall Street Journal-ն արդեն վեբ հեռուստաալիք ունի՝ WSJ Live-ը: Այնտեղ տեղադրվում են լիարժեք ռեպորտաժներ և պրոֆեսիոնալ հաղորդավարներով ծրագրեր:
Երկու շաբաթ առաջ իր օնլայն հեռուստաալիքն է գործարկել Huffington Post պորտալը: Այնտեղ հեռուստահյուրերի դերում կարող են հանդես գալ շարքային հեռուստադիտողները: Օգոստոսի 27-ին էլ իր վիդեո ծառայությունն է գործարկել The York Times-ը:









































