Մասիսի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել էր միանգամից երեք ԲՀԿ-ականի` փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանի, քաղաքապետ Դմիտրի Նազարյանի և Ավետիք Դալլաքյանի թեկնածությունները: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուց հետո, քաղխորհրդի նիստ են հրավիրելու և որոշելու, թե թեկնածուներից որ երկուսն են ինքնաբացարկ հայտնելու, և ով է շարունակելու պայքարը ՀՀԿ-ական թեկնածուի հետ:
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ԲՀԿ-ն արդեն որոշում է կայացրել:
Այսպիսով` Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածու Սաշա Հակոբյանի դեմ պայքարը շարունակելու է փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը: Ավետիք Դալլաքյանն ու գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանն արդեն ինքնաբացարկ են հայտնել:
Լրատվամիջոցի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե որևէ ընտրատեղամասում ԲՀԿ-ն չի սատարի ՀՀԿ-ի թեկնածուին, Զոհրաբյանն ընդգծել է, որ թեև ՏԻՄ ընտրությունների ամբողջ պատկերին չի տիրապետում, բայց ,որքանով տեղյակ է, այս պահին չկա ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված մի թեկնածու, որին ԲՀԿ-ն սատարում է:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ կլինի նման դեպք, Զոհրաբյանը պատասխանել է.«Տեսականորեն բացառում եմ, քանի որ առաջադրումներն, ըստ էության, կարելի է ավարտված համարել, և չկա մի դեպք, երբ ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածուի»:









































