Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանության ֆեդերացիան Facebook-ին կասկածում է օգտատերերի անձնական տվյալները App Centre նոր օնլայն խանութի միջոցով երրորդ անձանց հասանելի դարձնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իրավապաշտպանների խոսքով՝ Facebook-ը ինտերնետ-խանութում խախտում է անձնական տվյալների պաշտպանության նորմերը և ապատեղեկացնում օգտատերերին իրենց տվյալների օգտագործման մասին: Ֆեդերացիան սպառնացել է սոցցանցի դեմ դատական հայց ներկայացնել, եթե ցանցը չշտկի խնդիրը մինչև այս տարվա սեպտեմբերի 4-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Facebook-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել գերմանացի իրավապաշտպանների բողոքը, սակայն անձնական տվյալների կիրառման հարցով սոցցանցի նկատմամբ դժգոհություններն այդ երկրում բարձրաձայնվում են ոչ առաջին անգամ:
Նշենք, որ ֆեդերացիան վերջնաժամկետը ներկայացրել է երկու շաբաթ անց այն բանից, երբ վերսկսվել է Գերմանիայի իշխանությունների կողմից Facebook-ի դեմ հետաքննությունը: Սոցցանցին մեղադրում են առանց օգտատերերի գիտության լուսանկարների հսկա բազա ստեղծելու մեջ, որի նպատակն է դեմքերի ճանաչման իր տեխնոլոգիայի աշխատանքի ապահովումը:
Սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցում է 955 միլիոնը: SocialBakers կայքի տվյալներով՝ գերմանացի օգտատերերի թիվը հասնում է 24 միլիոնի:









































