Շվեդիայի պետական անվտանգության ծառայությունը 2011 թվականի հունիսին Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի ոճով երեկույթ է կազմակերպել, որը հարկատուների վրա նստել է 5.3 միլիոն կրոն (ավելի քան 800 հազար դոլար), գրում է The Local-ը:
Համաձայն տեղի մամուլի տեղեկությունների՝ միջոցառում անցկացնելու պատվերը առանց մրցույթի է եղել, ինչը խախտում է շվեդական օրենսդրությունը:
Ավելին, գաղտնի գործակալները սխալմամբ գերատեսչությունից խնդրել են նրանց վերադարձնել ԱԱՀ-ն`ավելի քան մեկ միլիոն կրոն:
Շվեդիայի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար Անդերս Տորնբերգի խոսքերով, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հուլիսին, երեկույթը եղել է կազմակերպության խիստ կանոնների միակ բացառությունը:
Նա բացատրել է, որ 2011 թվականին շվեդ գաղտնի գործակալները շատ են աշխատել, նրանք եղել են սթրեսի մեջ, այստեղից էլ առաջացել է նման երեկույթ կազմակերպելու գաղափարը:
Բոլոր խախտումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Անդերս Դանիելսոնը, որը 2011 թվականին զբաղեցնում էր Շվեդիայի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Հենց նա է զբաղվել երեկույթի կազմակերպմամբ:










































