Վիճակագրությունը փաստում է, որ Իրանում մեկ տարում գրանցվել է 10 տարեկանից ցածր տարիքի աղջիկների ամուսնությունների դրամատիկ աճ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նման միտումը անհանգստացրել է երեխաների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին: Նրանք նախազգուշացնում են դեռահասների շրջանում հոգեկան հիվանդությունների, ինքնասպանությունների, փախուստների, մարմնավաճառության մեջ ներգրավվելու հնարավոր աճի մասին, քանի որ վաղ ամուսնությունները հաճախ ավարտվում են ամուսնալուծությամբ:
Վաղ ամուսնությունների վիճակագրությունը տարածվում է երկու սեռի ներկայացուցիչների վրա էլ, սակայն վաղ ամուսնություններն առավել տարածված են աղջիկների շրջանում: Որոշ ընտանիքներ հայտնել են, որ իրենց դուստրերին ամուսնացրել են ընտանեկան պարտքերը վճարելու համար:
2009 թվականին Իրանում ամուսնացել է 15-ից ցածր տարիքի 43,459 աղջիկ՝ 2006 թվականի 33,383-ի փոխարեն: 2010 թվականին ամուսնացել է մինչև 10 տարեկան 716 աղջիկ: Այդ ցուցանիշը 2009-ին եղել է 449-ը: Նշենք, որ Իսլամական Հանրապետության օրենքները թույլ են տալիս վաղ ամուսնությունները:









































