Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվել է լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի գործի քննությամբ առաջին դատական նիստը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պարզվել է, որ, չգիտես ինչու, մյուս կողմը դեռևս չի ստացել մեղադրական եզրակացությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 5-ին:
Նշենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Ա. Գրիգորյանը, ուսումնասիրելով քրեական գործում եղած նյութերը, ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Գևորգի Գրդզելյանի և Ալբերտ Մեսրոպի Մանրիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, գործն ուղարկել էր Կենտրոնի դատարան՝ ընդդատության:
Քրեական գործում եղած նյութերի ուսումնասիրությամբ դատարանը պարզել է, որ 2012 թվականի մայիսի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, Ռ. Գրդզելյանի և Մանրիկյանների միջև վիճաբանությունը և ծեծկռտուքը տեղի են ունեցել Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում, մինչդեռ Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի տարածքը ներառված չէ Էրեբունի վարչական շրջանի տարածքում. այն Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածք է: Հետևաբար դատարանը՝ պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկել է ըստ ընդդատության:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործի հանգամանքների վերաբերյալ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարզել է հետևյալը: Այն է`
2012 թվականի մայիսի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված՝ իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահասակ երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, և վերջինս դժվարությամբ է կարողացել խուսափել վրաերթից: Տեսնելով դա՝ Մ. Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ. Մանրիկյանը չէր նկատել: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:








































