Աշնանը Հայաստանում սպասվում են քաղաքական ակտիվ զարգացումներ, որոնք, իհարկե, պայմանավորված չեն լինի ամենամյա թեժ կամ այլ բնույթի աշնան մասին կանխատեսումներով, այլ, պարզապես, նախագահի ընտրությանն ընդառաջ նախապատրաստական գործողություններով: Եվ այդ զարգացումներում չի բացառվում, որ սրությամբ դրվի վարչապետի հարցը:
Մասնավորապես, եթե մինչև այժմ խորհրդարանում վարչապետի պաշտոնանկության նպատակահարմարության հարցը բարձրացրել է ՀՅԴ-ն, նախորդ գումարման ԱԺ-ում խոսելով դրա համար և դնելով կառավարության վստահության հարցը՝ իհարկե, ՀՅԴ ուժերը չափազանց փոքր էին նշանակալից որևէ գործընթացի համար, ապա ներկայումս այդ հարցը կարող է բարձրացնել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:
Ներկայիս խորհրդարանի պարագայում, Բարգավաճ Հայաստանի նման նախաձեռնության հավանական դրսևորման պարագայում, նրան անկասկած կմիանան Հայ ազգային կոնգրեսն ու ՀՅԴ-ն: ԲՀԿ-ն ունի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը դնելու հիմքեր և պատճառներ, կամ մոտիվներ: Նախ, այդ կուսակցությունն արդեն երկար ժամանակ է՝ Տիգրան Սարգսյանի հետ հակադրության մեջ է: Ընդ որում, այդ հակադրությունը կա թե´ Գագիկ Ծառուկյանի, թե´ ԲՀԿ-ում որոշակի դերակատարում ստանձնած Ռոբերտ Քոչարյանի առումով: Բացի այդ, Բարգավաճ Հայաստանը նախագահի ընտրություններից առաջ խնդիր ունի դրսևորել ընդդիմադիր որոշակի կեցվածք: Դե բնական է, որ ԲՀԿ-ն չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ահա Տիգրան Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ ավելի հարմար է: Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ի այդ նախաձեռնությունը կարող է հասարակական լուրջ հենք ունենալ, քանի որ երկրում իսկապես լարվում է սոցիալական վիճակը, իսկ Հայաստանն էլ չի կարողանում արտաքին ֆինանսական այնպիսի ներարկումներ գտնել, որոնք կօգնեն զգալիորեն մեղմել վիճակը:
Այդ պարագայում, անգամ Սերժ Սարգսյանի համար Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցի բարձրացումը կարող է որոշակիորեն օգտակար լինել, եթե իրավիճակը լարվի այն աստիճան, որ սոցիալական ցնցումները դառնան գրեթե անխուսափելի, կամ շատ մեծ լինի սոցիալական դժգոհություն, ու, այդպիսով, Սերժ Սարգսյանի համար շատ դժվար լինի անաղմուկ ճանապարհով ստանալ նախագահական ընտրություններում իրեն անհրաժեշտ ձայները: Այդ պարագայում, որքան էլ որ մինչև այժմ Սարգսյանը Արևմուտքի հետ հարաբերությունը պահելու համար պահպանի Տիգրան Սարգսյանին, թերևս ստիպված կլինի նրան զոհել՝ իր իշխանությունը պահելու համար:
Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը, բնականաբար, սիրով կսպասի օլիգարխիան, քանի որ Սարգսյանն առնվազն իր ելույթներով, չնայած, որ բանը գործին, ըստ էության, չի էլ հասնում, բավական նյարդայնացնում է օլիգարխներին: Այնպես որ նրանք էլ, թերևս, ուրախ կլինեն ձերբազատվել ներկայիս վարչապետից: Հասարակության մասին խոսք անգամ չկա: Մարդիկ բնականորեն խորամուխ չեն լինում ներքաղաքական ինտրիգների կամ կոմբինացիաների մեջ, թե ինչ կտա վարչապետի փոփոխությունը, կամ ինչով թելադրված կլինի նրա պաշտոնանկության գործընթաց սկսելը, քաղաքական ինչ շահեր ու մանիպուլյացիաներ կան դրա տակ: Մարդկանց հետաքրքրում է սեփական կյանքը, ու քանի դեռ այն վատ է, մարդիկ միշտ բնականորեն և արդարացիորեն կողմ են լինելու այդ կյանքի համար պատասխանատու պաշտոնյաների հեռացմանը՝ այդ թվում՝ տնտեսական քաղաքականության առանցքային դեմքերից մեկի՝ վարչապետի հեռացմանը: Իհարկե, խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանը չէր ցանկանա փոխել Տիգրան Սարգսյանին և դրան կգնա միմիայն ծայրահեղ դեպքում, երբ այլևս չկա սոցիալական դժգոհությունը մեղմելու հնար, և վարչապետի փոփոխությամբ հնարավոր կլինի մի փոքր լիցքաթափել այն: Այլապես, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը Սերժ Սարգսյանի համար նահանջի պես մի բան է, հատկապես, եթե այդ հարցը բարձրացնում է ԲՀԿ-ն:
Այդ տեսանկյունից, Սարգսյանը, իհարկե, ավելի շատ հակված է պահել վարչապետին, առավել ևս, որ փոփոխությունը նրա համար շատ դժվար կլինի մեկնաբանել Արևմուտքում, որտեղ Սարգսյանը շարունակում է առ այսօր գտնել իր հիմնական լեգիտիմությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ, իհարկե, Տիգրան Սարգսյանը առանձնապես ընդունված ֆիգուր չէ, բայց, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մոսկվան առանձնապես չի էլ շեշտադրվում նրա վրա և չի պահանջում վարչապետի փոփոխություն: Միևնույն ժամանակ, Հայաստանին չտրամադրելով ֆինանսական նոր միջոցներ, մասնավորապես 1 միլիարդ դոլարի կարգի գումար, ինչպես նաև բարձրացնելով գազի գինը՝ Մոսկվան ստեղծում է վարչապետի պաշտոնանկության հարցի բարձրացման նախադրյալներ: Բայց այստեղ, իհարկե, ՌԴ համար ավելի կարևորը թերևս ոչ թե վերջնարդյունքն է, այլ գործընթացը, երբ նա հնարավորություն կունենա խաղալ ներքաղաքական այդ ինտրիգի վրա և այդպիսով առավել ազդեցիկ լինել բոլոր կողմերի համար:
Ինչ խոսք, բոլորովին միարժեք չէ, որ վարչապետի պաշտոնանկության հարցն անպայման կհայտնվի օրակարգում: Չի բացառվում, որ այդուհանդերձ թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը որոշեն Հայաստանում չգնալ սրացումների և պահեն սոցիալական վիճակի այն նվազագույնը, որը թույլ կտա իշխանությանը չտագնապել սոցիալական բողոքի աստիճանից: Ի վերջո, այդ ամենում կա մի կարևոր հարց. գործող վարչապետին պաշտոնանկ անելը ներկայումս կարող է շատ ավելի դյուրին լինել, քան նորին նշանակելը՝ ընդ որում, բոլորի համար, քանի որ նոր վարչապետի թեկնածության պարագայում կարող է շատ բան արդեն քանդվել, այդ թվում՝ նաև գործող վարչապետի պաշտոնանկության շուրջ ներքաղաքական կոնսենսուսային ֆորմատները, ինչպիսին օրինակ Կոնգրես-ԲՀԿ ձևաչափն է:
Անշուշտ, շահերի լուրջ բախում կարող է առաջանալ նաև ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում ու նաև ՀՀԿ ներսում: Դա կարող է ներքաղաքական դաշտը ընդհանրապես գցել առանցքից, ինչն արդեն բոլորի համար կստեղծի անկանխատեսելի վիճակ: Ըստ երևույթին, այդ հանգամանքները կստիպեն, որ վարչապետի հարցը բարձրանա առավելագույնը «ոչխարների անվնասության և գայլերի կուշտ լինելու» աստիճանի, երբ հարցը կարող է բարձրացվել, քննարկվել խորհրդարանում, բայց, ինչպես կառավարության ծրագրի հաստատման պարագայում էր, որևէ փոփոխություն չի լինի, և, այսպես ասած, ոչ իշխանական դաշտում ընդամենը կգոհանան բարոյական հաղթանակով:











































