Օգոստոսի 22-ից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներն ու ավտանգության անդամներն էլ ժամանակ չեն կորցրել և իրենց «ժպտացող դեմքերով» պաստառները` բազմաբնույթ կարգախոսներով արդեն փակցրել են քաղաքի ինչպես կենտրոնական ու երկրորդական փողոցներում, այնպես էլ սպասարկման տարբեր օբյեկտների պատուհաններին և անգամ կանգառներում:
Արդյոք նախընտրական քարոզարշավն ընթանում է կոռեկտության սահմաններում «Առաջին լրատվական»-ի թղթակիցն այս հարցի շուրջ զրուցել է Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված անկուսակցական թեկնածու Անդրանիկ Ավետիսյանի հետ:
«Ես առողջական խնդիրների պատճառով դեռևս քարոզչություն չեմ սկսել, ահագին կիսատ հարցեր կային, որոնք արդեն կարգավորված են, առաջիկա օրերին կսկսեմ ակտիվորեն հանդիպումներ կազմակերպել ընտրողների հետ»,- նշեց Անդրանիկ Ավետիսյանը: Իր մրցակիցների քարոզարշավին գնահատական տալ անկուսակցական թեկնածուն չցանկացավ, նշելով, թե հասարակությունն ամեն ինչ լավ հասկանում և գնահատում է:
«Քարոզչական պաստառներ չեմ փակցնելու, դրանք սուտ բաներ են, քարոզարշավը շատ պատասխանատու է, խոստումներ շռայլելը երբեք էլ դժվար չէ, բայց պետք է կարողանալ լինել ազնիվ և նայել ընտրողների աչքերի մեջ», «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Անդրանիկ Ավետիսյանը:
Նշենք, որ Գյումրիում շրջանառվում են տեղեկություններ, թե Անդրանիկ Ավետիսյանի «թիկունքում»բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած: Անդրադառնալով այդ խոսակցություններին, քաղաքապետի թեկնածուն նշեց.
«Ես չեմ կարող որևէ մեկի ձեռքի խաղալիքը դառնալ, եթե այդպես լիներ հիմա մեծ բարձրունքների հասած կլինեի: Եթե ինչ- որ մեկն էլ պարտվի, ապա թող պարտվի պատվով, չնայած ես ինքս տրամադրված եմ հաղթելու»,- նշեց Անդրանիկ Ավետիսյանը:
Քաղաքապետ ընտրվելու իր հնարավորությունները Անդրանիկ Ավետիսյանը բարձր է գնահատում:
«Ես մի քանի անգամ նշել եմ, որ ինձ մրցակից համարում եմ Սամվել Բալասանյանին, ում առաջադրել է ԲՀԿ-ն և սատարում է նաև ՀՀԿ-ն, հիմա վստահորեն կարող եմ նշել, որ ես, որպես անկուսակցական թեկնածու, ավելի ուժեղ եմ, քանի, որ իմ թիկունքին կանգնած է ժողովուրդը: Մարդկանց ուղեղները լվանալ պետք չէ», եզրափակեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված անկուսակցական թեկնածուն:










































