1945թ. այս օրը Բևեռլի-Հիլզում (ԱՄՆ) հանկարծամահ եղավ ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը՝ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակը: Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղության հիմնադիրներից մեկն է:
Ծնվել է 1890 թ. սեպտեմբերի 10-ին Պրահայում (Ավստրո-Հունգարիա) հարուստ հրեական ընտանիքում, սովորել է Ֆրանց Կաֆկայի և Մաքս Բրոդի հետ նույն ուսումնարանում, այնուհետև` Լայպցիգի և Համբուրգի համալսարաններում:
1938 թ.Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից (Անշլյուս) հետո ստիպված է լինում տեղափոխվել Ֆրանսիա, այնուհետև` 1940թ. կնոջ և գրող Հենրիխ Մանի ու նրա ընտանիքի հետ Ֆրանսիայից անցնում է Իսպանիա ու Պարտուգալիա, այնտեղից էլ` ԱՄՆ: Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվեց Վիեննա և հանձնվեց հողին:
Գրականության մեջ առաջին քայլերն արել է որպես բանաստեղծ: «Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ:
Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:
Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը:
Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:







































