Ֆրանսիայի նախարարների խորհրդի` հուլիսի վերջին տեղի ունեցած նիստում վարչապետ Ժան-Մարկ Էյրոն և արտգորնախարար Լորան Ֆաբիուսը մի օրինագիծ են ներկայացրել, որը Ադրբեջանին թույլ կտա մշակութային կենտրոն բացել Փարիզում: Այս մասին այսօր տպագրվել է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթում:
Տարիներով ձգձգվող և լուծման սպասող բազմաթիվ հարցեր կան Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, և այս քայլը վրդովմունք է առաջացրել ֆրանսահայության շրջանում:
Այսպես, ֆրանսահայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը` CCAF-ը, օգոստոսի 1-ի իր հաղորդագրության մեջ զարմանք է հայտնում` հարցնելով, թե նոր կառավարությունը ի՞նչ անհրաժեշտություն տեսավ այդքան հապճեպ ընթացք տալու այս ծրագրին, երբ երեք տարի է`տատանվում է: «Արդյոք Ֆրանսիան առաջնակարգ այլ հարցեր չունի՞»,- հարցադրում է արվում հաղորդագրության մեջ:
CCAF-ը շեշտում է նաև Ադրբեջանի վարչակարգի մենատիրական էությունը, վկայակոչում այդ երկրում մարդու իրավունքների խախտումները, Լեռնային Ղարաբաղում հայատյաց պատերազմը, այդ երկրի կողմից հայկական հուշարձանների քանդումը:







































