Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետևում է շաքարավազի շուկայում տեղի ունեցող զարգացումներին պարբերական մոնիտորինգի միջոցով և հայտարարում, որ եթե լինեն չարաշահումներ և սպեկուլյացիաներ, հանձնաժողովը օրինախախտների նկատմամբ կկիրառի խիստ միջոցներ։
«Հանձնաժողովը ևս տեղյակ է շաքարավազի սպասվելիք թանկացմանը լուրերի միջոցով, հետևաբար ուշադրության կենտրոնում է պահում այդ շուկան պարբերական մոնիտորինգի միջոցով, ինչպես նաև համեմատում միջազգային գների հետ։ Իսկ եթե լինեն չարաշահումներ, հանձնաժողովը խիստ միջոցներ կձեռնարկի»,- մեզ հետ զրույցում զգուշացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը։
Իսկ մեր այն հարցին, թե միջազգային շուկայում շաքարավազի գները տատանվո՞ւմ են, պատասխանեց. «Միջազգային շուկայում շաքարավազի մեծածախ առևտրի դեպքում գները նույնիսկ 1 դոլարով նվազել են»։
Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը նախատեսել է շաքարավազի 1 կգ-ը դարձնել 850 դրամ։ Ավելին, աստիճանական թանկացումներն արդեն մեկնարկել են։








































