Վանաձորի ներկայիս ավագանու միակ կին անդամը` Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, ով վերստին առաջադրել է իր թեկնածությունը գալիք սեպտեմբերին տեղի ունենալիք ավագանու անդամի ընտրություններին, կարծում է, որ ավագանու ներկա անդամներից նորից առաջադրված անձանցից ոմանք ձևական թեկնածուներ են:
«Իհարկե, այդպիսիք` ձևականներն էլ կան, շատ պարտաճանաչներն էլ կան: Օրինակ` ինքս ոչ մի նիստից չեմ բացակայել: Ամեն մարդ, ի վերջ, որևէ բանի համար է ուզում դառնալ ավագանի.մեկը` քաղաքի խնդիրները բարձրաձայնելու, մյուսը` մեկ այլ բանի համար: Ճիշտ է ասված` մարդ կա` աշխարհն է շալակած տանում, մարդ կա` ելել է շալակն աշխարհի»,-«Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Գայանե Քալանթարյանն արդեն նաև իր կողմնորոշումն ունի սպասվող համայնքապետի ընտրություններում, սակայն, ըստ ավագանու անդամի, իր կողմնորոշումն ավելի հստակ կլինի միայն, երբ բոլոր թեկնածուների ծրագրերը ներկայացվեն:
Իսկ հարցին, թե քաղաքապետի նախորդ չորս ընտրություններում, երբ մշտապես հաղթել է Սամվել Դարբինյանը, քանի՞ անգամ է իր ընտրությունը կանգ առել քաղաքապետի թեկնածության վրա, Գայանե Քալանթարյանը նախընտրեց չպատասխանել. «Քվեարկությունը գաղտնի է, թույլ տվեք չպատասխանել»,-ասաց նա:
Հավելենք, որ Գայանե Քալանթարյանն անկուսակցական է, Վանաձորի ավագանու անդամ է արդեն տասներկու տարի:










































