Գորիսում, Սիսիանում և Նարեկացի արվեստի միությունում օրերս համերգներ են ունեցել Վիենի Le SIEM նվագախումբն ու Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթը: Համերգները նվիրված էին հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամության 20-ամյակին:
Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը Le CIEM ֆրանսիական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն ասաց, որ նվագախմբի երեխաների համար հայկական երաժշտությունը իրոք հայտնագործություն էր. «Ամեն անգամ շրջագայությունից հետո հասկանում ենք, որ երաժշտությունը տիեզերական լեզու է: Մենք տպավորված ենք հայկական երաժշտությամբ»:
Ասուլիսի մյուս բանախոս Վիենի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանն էլ ասաց, որ իրենց ծրագրերը ուղղված են երիտասարդությանը և մշակույթին: Իսկ ինչ վերաբերում է Գորիսի հետ քույր-քաղաք լինելուն, նա ասաց, որ այս երկու քաղաքների միջև բարեկամությունն իրականացվում է մեծ սիրով: Փոխադարձ համերգներով Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթը կլինի Վիենում:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ հավելեց, որ այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Le SIEM նվագախումբը ելույթ կունենա, մուտքն ազատ է, բոլոր ցանկացողները կարող են միանալ ժամը 18.00-ին:
Արդեն հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 4-ը Նարեկացի ժողովրդական գործիքների համույթը ելույթ կունենա Վիենում: Համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանն ընդգծեց, որ ինչպես Le SIEM նվագախումբը իր երգացանկում ընդգրկեց հայկական երգեր, այնպես էլ մենք համերգի ժամանակ կներառենք ֆրանսիականը. «Ֆրանսիացի երեխաները շատ ոգևորված էին մեր երաժշտությամբ, անգամ հայկական գործիքներ՝ հատկապես քամանչա գնեցին, որպեսզի նվագել սովորեն»:










































