ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն ՀՀԿ թեկնածուներին սատարել չի կարող: «Որևէ հանրապետական թեկնածուի հետ կապված որևէ խոսք դուք մեզանից չեք լսի: ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող»,- ասաց նա` չմանրամասնելով, սակայն, ինչու:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես է ՀՀԿ-ն Գյումրիում սատարում ԲՀԿ թեկնածուին, Տիգրան Ուրիխանյանը հստակ չպատասխանեց: Միայն ողջունեց այն բոլոր քաղաքական ուժերին, ովքեր գնահատում են ԲՀԿ գաղափարները, ծրագրերը, այդ թվում՝ կադրային առաջադրումները: Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ իրենց ամենամեծ պայմանավորվածությունը հայաստանցիների հետ է, տվյալ դեպքում` գյումրեցիների: Այլ գործոններ, ըստ նրա, իրենց չեն կարող դրդել որոշում կայացնելու:
«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն Բալասանյանին դիտարկում է որպես իրենց կադր, այդ պատճառով էլ սատարում է, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Նմանատիպ տեսակետները չէի ուզենա մեկնաբանել: Պարոն Բալասանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է»:
Այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններին այլ ուժերի թեկնածուներին սատարելու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ եթե որոշում կայացնեն, անմիջապես կասեն այդ մասին: «Որտեղ ունենում ենք որոշում, մենք անմիջապես ասում ենք: Եթե չենք խոսում որևէ համայնքի ընտրությունների վերաբերյալ, ուրեմն այդտեղ որոշում չունենք»:








































