Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը դատապարտել է Լիբիայի ժողովրդի դեմ իշխանությունների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, որով նրանք փորձում են ճնշել խաղաղ ցույցերի դուրս եկած մարդկանց` ռմբահարելով բնակելի շինությունները: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Այդ կազմակերպության գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Էքեմելեդդին Իհսանօղլուն ասել է, որ Քադաֆիի կողմից կիրառվող ռեպրեսիվ միջոցները վերածվում են «հումանիտար աղետի, որը հակասում է իսլամի և ողջ մարդկության արժեքներին»:
Իհսանօղլուն կոչ է արել Լիբիայի իշխանություններին վերջ դնել խաղաղ ցույցերի դեմ կիրառվող բռնություններին և լուրջ երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
Դատապարտող հայտարարություն է ընդունել նաև համաարաբական երկրների լիգա կազմակերպությունը, որը քննադատել է լիբիական իշխանությունների գործողություններն ընդդեմ խաղաղ բնակչության:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ամր Մուսան, որը Եգիպտոսի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկն է, հայտարարել է, որ պետք է հարգել արաբական երկրների ժողովուրդների` բարեփոխումներ իրականացնելու, առաջընթաց ապահովելու և օրենսդրական փոփոխություններ կատարելու պահանջները:







































