Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ անվտանգության մարմիններին են հանձնել Սանդրա Ավիլային, որը մեքսիկացի թմրաբիզնեսով զբաղվողների շրջանում հայտնի է «Խաղաղ օվկիանոսի թագուհի» մականվամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա արտահանձնումը տեղի է ունեցել հինգշաբթի:
Ավիլան, որին ձերբակալել էին 2007 թվականին` Մեքսիկայում, մասնակցել է մեքսիկական Սինալոա թմրակարտելի ստեղծմանը և համարվում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի Կալիֆոռնիա թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման «առաջամարտիկներից»:
ITAR-TASS-ի փոխանցմամբ` Ավիլան ամերիկյան դատարանի առջև կկանգնի թմրանյութերի օգտագործման, պահման, ապօրինի վաճառքի և փողերի լվացման մեղադրանքներով:
Ավիլան մեքսիկական նարկոթրաֆիքինգի «կնքահայր» Միգել Գալլարդոյի քրոջ կամ եղբոր դուստրն է:
Արդեն երկար տարիներ Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգությունը լրջագույն խնդիր է դարձել: 2006 թվականից նախագահ Ֆելիպե Կալդերոնը զինված պայքար է մղում թմրակարտելների դեմ, որը 47,5 հազար մարդու մահվան պատճառ է դարձել, սակայն հանցավորության աճը կանգնեցնել իշխանություններին այդպես էլ չի հաջողվել: