Դաշնակցության նախաձեռնությամբ երեկ մեկնարկեց Ընտրական իրավունքի պաշտպանության շարժումը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով, ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ. «Իշխանության վերարտադրման համակարգը արմատախիլ անելու և իշխանափոխության հնարավորությունն ապահովող ընտրական համակարգ ձևավորելու համար»:
«Այսպիսի շարժման առաջացման և ծավալման համար գլխավոր արգելքը տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ընտրությունների հանդեպ ձևավորած կարծրատիպերն են, որոնց հետևանքով մարդիկ չեն հավատում ընդհանրապես ընտրություններին: Բայց ինչպես հայտնի է, հավատն առանց գործի միշտ էլ մնում է մեռած: Շարժումը հենց այն գործը պետք է լինի, որ վերականգնի ժողովրդի հավատը իր ուժերի նկատմամբ… Շարժման հաջողությունը հատկապես բխում է նորմալ ընտրություններ անցկացնելու խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի շահերից: Քանզի, եթե սա էլ նրանց չմիավորի, ուրիշ որևէ այլ գաղափար դժվար թե կարողանա այսքան միանշանակ լինելով միավորել տարաբնույթ քաղաքական ուժերին», – հայտարարեց Ռուստամյանը: