Արևելյան Չինաստանի ափամերձ տարածքը այսօր վաղ առավոտյան մեծապես վնասվել է «Հայկուեյ» թայֆունից: Աղետը հիմնականում վնասել է Չժեցզյան նահանգը և Շանհայ մեգապոլիսը:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Քանդվել են մի քանի տներ Չժեցզյան նահանգում: Շանհայում և Չժեցզյան նահանգի մի քանի քաղաքներում փակվել են դպրոցները և մանկապարտեզները, հետաձգվել են զբոսաշրջային խմբերի ուղևորությունները: Շանհայում աղետի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել է 100 000 մարդ: Արևելյան Չինաստանում վտանգավոր շրջաններից տարհանվել է մոտ 700 000 մարդ: Տեղական օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ:
Ներկայումս թայֆունը շարժվում է դեպի հյուսիս- արևելք` 10-15 կմ/ժ արագությամբ:
«Հայկուեյը» վերջին շաբաթվա ընթացքում Արևելյան Չինաստանին պատուհասած արդեն երրորդ թայֆունն է: Անցած ուրբաթ` մի քանի ժամ տարբերությամբ, ափամերձ տարածքին հարված են հասցրել «Դամրի» և «Սաոլա» թայֆունները:








































