Ամերիկյան անվտանգության Academi ընկերությունը (նախկին Blackwater-ը) ԱՄՆ կառավարությանը 7,5 մլն դոլարի տուգանք կվճարի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հյուսիսային Կարոլինայի դաշնային դատարանում ընկերությունը ընդունել է 17 կետից բաղկացած մեղադրանքը և համաձայնել ամերիկյան կառավարությանը 7,5 մլն դոլար վճարել: Խախտումների ցուցակում հայտնվել են այնպիսի կետեր, ինչպիսիք են սահմանով զենքի ապօրինի փոխադրումը և Շվեդիային ու Դանիային գաղտնի տեղեկությունների փոխանցումը:
Անվտանգության մասնավոր Blackwater ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին, համագործակցել ամերիկյան կառավարության հետ: Սակայն ԿՀՎ-ն հրաժարվեց ընկերության ծառայություններից այն բանից հետո, երբ 2007-ի սեպտեմբերին Blackwater-ի աշխատակիցները Բաղդադում 17 խաղաղ իրաքցու սպանեցին: Միջադեպը հասարակական մեծ արձագանք ստացավ: Ընկերության 5 աշխատակիցների դեմ մեղադրանքներ առաջադրվեցին, սակայն նրանց հաջողվեց խուսափել պատժից: Միջադեպի պատճառով ընկերությունը իմիջը փոխելու նպատակով անվանափոխվեց` դառնալով Xe Services:
2009-ի ամռանը հերթական սկանդալը տեղի ունեցավ` կապված արդեն Xe Services-ի հետ, երբ ընկերության ղեկավարը բարձրաձայնեց գրոհայինների առաջնորդներին ոչնչացնելու ԿՀՎ-ի գաղտնի ծրագրի մասին:
2010-ի օգոստոսին ԱՄՆ կառավարությունը Blackwater-ին տուգանեց 42 միլիոն դոլարով: 2011-ին ընկերությունը վաճառվեց և հերթական անգամ փոխեց անունը` դառնալով Academi:









































