Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը փոխել է Հունաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը` կայունից դարձնելով բացասական: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Բացասական կանխատեսումը նշանակում է, որ մոտ ապագայում Հունաստանի վարկանիշը, որ ներկայում գտնվում է «աղբային»` ССС մակարդակի վրա, կարող է իջեցվել:
S&P-ի վերլուծաբանների կարծիքով` 2012 թվականին Հունաստանը ԵՄ-ից և ԱՄՀ-ից կունենա հավելյալ ֆինանսական օգնության կարիք, որպեսզի կարողանա խուսափել սնանկացումից` բյուջեի դեֆիցիտի և տնտեսության անկման պայմաններում: Գործակալությունը ենթադրում է, որ պետությունը չի կարողանա կատարել տնտեսության փրկման ծրագրի պայմանները:








































