ՀՀ ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պարտադիր ժամկետային զինծառայող Թաթուլ Գրիգորյանի վերաբերյալ: «Գեներալ Մանվելի եղբորորդու տղան ջարդուփշուր է անում զինվորներին և ամսավճար հավաքում նրանցից» վերտառությամբ հոդվածի փաստով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով անանուն նամակ էր ստացել այս մասին և տեղեկացրել լրատվամիջոցներին, հաղորդում ներկայացրել ՀՀ ՊՆ:
Ըստ իրավապաշտպանի` ՀՀ ՊՆ ՔԾ 7-րդ կայազորային քննչական բաժնից խնդրում են տրամադրել տեղեկություններ անանուն նամակի հեղինակի վերաբերյալ, սակայն չի կարող տեղեկություններ տրամադրել, քանի որ այդ անձն անանուն է:
«Երկու նամակներում էլ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրության առարկա դառնան: Այս նամակները վկայում են այն մասին, որ եթե ԶՈւ-ում լինեին բողոքների, գանգատների հիման վրա խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհներ, բողոքողների անվտանգությունը ապահովված լիներ, նման իրավիճակ չէր լինի, գոյություն ունեցող խնդիրների մանիպուլյացիայի և ինտրիգ ևս չէր լինի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով երկու նամակներին ` պարզաբանեց, որ մի նամակում մի կերպ է մեկնաբանվում, իսկ մյուս դեպքում` այլ: Նրա խոսքով` առաջին նամակում մեկնաբանվում է, որ գեներալ Մանվելի եղբորորդու տղայի կողմից է այլանդակություններ կատարվում, իսկ մյուս դեպքում էլ գրված է, որ Գրիշա Խաչատուրովը խիստ է: «Նամակների բովանդակությունից ելնելով՝ կարելի է մտածել, որ նրա ենթակայության տակ կատարվում են անօրինականություններ, իսկ մյուս դեպքում` ինքը տեղյակ չէ, բայց եթե իմանա կլուծի, այսինքն` սա էլի համակարգի ներսում խնդիրների չլուծվածության մասին է վկայում:
Չնայած պաշտպանության նախարարության մամլո խոսնակը երկու անգամ էլ հրապարակավ ասաց, որ անանուն նամակներին ընթացք չի տրվում, այնուամենայնիվ մենք հաղորդում ներկայացրինք նախարարություն, մենք գտնում ենք, որ նամակներում ներկայացված է պրոբլեմ, որը քննության առարկա է, և հիմա մեզնից պահանջում են լրացուցիչ տեղեկություններ, բնականաբար մենք լրացուցիչ տեղեկություններ չունենք, եթե ունենայինք էլ, չէինք հաղորդի, որովհետև երաշխիք չունենք, որ այդ մարդուն հետագայում վտանգ չի սպառնա: Սակայն իրենք պետք է շարունակեն այն քննությունը, որի մասին հայտնել են»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` հավելելով, որ ԶՈւ նման խնդիրների լուծման հնարավորությունների բացակայության պատճառով առաջանում են ինտրիգներ, որոնք շատ ավելի բացասական ազդեցություն են ունենում մթնոլորտի վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի էլեկտրոնային փոստի հասցեով ստացվել էր անանուն նամակ զինծառայող Թաթուլ Գրիգորյանի պահվածքի վերաբերյալ: «Շատ վատ ա էտ վաշտում վիճակը, և ոչ ոք ոչինչ չի կարող անել, էտ զինվորը համարյա ամեն օր հարբում ա, գիշերվա ժամը 4-ին մտնում ա զորանոց, գոռում ա, մյուս զինվորներին քնից հանում ա, ջարդում-փշրում ա, սաղ վախի մեջ են քնում, որ ինքը խմած ա լինում, ինչ կուզի կանի, ինքը ՀՀԿ-ական ազգային ժողովի պատգամավորի տղա ա, ամեն ամսվա վերջ զինվորներից հավաքում ա իրանց հասանելիք 3400 դրամը, հոգեպես ճնշում ա, ինքը ամենակարողն ա»,- նշել էր նամակի հեղինակը:










































