The New York Times-ի լուսանկարիչ Ռոբերտ Ստոլարիկին ձերբակալել են Occupy Wall Street-ի հերթական բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին ձերբակալելու ժամանակ լուսանկարելու համար:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Նյու Յորքի Բրոնկս թաղամասում: Ստոլարիկը, կատարելով խմբագրության հանձնարարությունը, երկու լրագրողի հետ գտնվում էր բողոքի ակցիայի իրականացման վայրում: Նա լուսանկարում էր դեռահաս աղջկա ձերբակալման պահը, երբ նրան է մոտենում ոստիկանը և հրամայում դադարեցնել լուսանկարելը: Ստոլարիկը բացատրում է, որ լուսանկարում է The New York Times-ի համար և շարունակում է իր աշխատանքը: Այդ պահին նրան է մոտենում երկրորդ ոստիկանը և, խլելով լուսանկարչական ապարատը, հարվածում է դեմքին:
Ստոլարիկի` փաստաթղթերը ցույց տալու պահանջին ի պատասխան, ոստիկանները նրան տապալում են գետնին և տեղափոխում բաժանմունք, ուր և լրագրողը մնում է մինչև առավոտյան ժամը 5-ը:
Ռոբերտ Ստոլարիկը մեղադրվում է ոստիկանների հրամանին չենթարկվելու և ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու մեջ: Ոստիկանների խոսքերով՝ իրենք մի քանի անգամ ամբոխին և լրագրողներին ցրվելու հրաման են արձակել , սակայն դրա փոխարեն Ստոլարիկը առաջ է վազել և «պատահաբար» լուսանկարչական խցիկով հարվածել ոստիկաններից մեկի դեմքին: Ոստիկանները հայտնել են նաև, որ նա լուրջ դիմադրություն է ցույց տվել ձերբակալման ժամանակ, ինչի արդյուքնում վիրավորվել է ոստիկաններից մեկը:
The New York Times-ի փաստաբան Ջորջ Ֆրիմանը հայտարարել է, որ Ստոլարիկին ձերբակալելը առանձնակի տհաճություն է առաջացրել, քանի որ պարբերականը պայմանագիր ուներ կնքած Նյույորքյան ոստիկանների հետ` իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու մասին: Թերթն այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ բազմաթիվ լրագրողներ, հատկապես` Occupy Wall Street-ի բողոքի ակցիաների ժամանակ չէին կարողանում մոտենալ բողոքականներին, դեռ ավալին՝ ձերբակալվում էին ցուցարարների հետ:










































