Լոնդոնում ընթանում են ամառային օլիմպիական խաղերը: Մարզիկները նվաճումներ են գրանցում, մեդալների արժանանում: Ինչպես մեդալը, հաջողությունը նույնպես հակառակ կողմ ունի: Իրենց երկրին հաղթանակ բերած մարզիկները հայրենիքում դառնում են հարկային համակարգի գերին: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Օրինակʽ ԱՄՆ-ում մարզիկները ստիպված են հարկ վճարել իրենց հաղթանակից: Խոսքը ոչ թե մրցումներում նվաճած մեդալի արժեքի մասին է, այլ դրա հետ միասին ստացած դրամական մրցանակի:
ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն հաղթանակած մարզիկներին պարգևատրում է տարբեր դրամական մրցանակներով, ոսկե մեդալի համար 25 հազար դոլար, արծաթի համար 15 հազար դոլար, իսկ բրոնզի համար 10 հազար դոլար: Այդ գումարից մարզիկները պետք է հարկեր վճարեն:
Լրագրողների հաշվարկներով՝ օլիմպիական ոսկի նվաճած մարզիկները պետք է 8986 դոլար հարկ վճարեն, արծաթի համար՝ 5385, իսկ բրոնզի համար՝3500 դոլար:
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում օլիմպիական չեմպիոններին ոսկե մեդալի համար տալիս են 125 հազար դոլար պարգև, որից 13 տոկոսը պետք է որպես հարկ վճարվի:
Ամերիկացի օրենսդիրներն արդեն ուշադրություն են դարձրել խնդրի վրա: Ֆլորիդացի սենատոր Մարկո Ռուբիոն օրինագիծ է առաջարկել, որը մարզիկներին զերծ կպահի հարկերի վճարման անհրաժեշտությունից:









































