Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքապետարան – վարչական շրջաններ – համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 875 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ներառվել և բարեկարգվում են նաև բակային տարածքներում առկա ցայտաղբյուրները:
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են շուրջ վեց տասնյակ կամարանցումների բարեկարգման ու նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով մինչև տարեվերջ կբարեկարգվեն ու կնկարազարդվեն նաև երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումները ևս, որով էլ ծրագիրը կամբողջանա:
Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի այգիներում և պուրակներում գիշերային լուսավորության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են տարածքները վարձակալած տնտեսվարողների հետ համատեղ:
Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելման աշխատանքներին, ինչպես նաև ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների կանխման գործընթացին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների առջև խնդիր է դրել հետևողականորեն շարունակել աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զեկուցվել է` մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում սահմանազատված վայրերում հայտարարությունների համար կտեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են նաև ամենշաբաթյա շաբաթօրյակները, որոնց շրջանակում իրականացվում են բակերի և դրանց հարակից տարածքների սանմաքրման աշխատանքներ:










































