Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Pocono Raceway ավտոմրցման կայանում կայծակի հարվածից 1 մարդ է մահացել, ևս 9-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Pocono Raceway-ի ներկայացուցիչների խոսքով` կայծակը հարվածել է հենց այն պահին, երբ մրցարշավից հետո հանդիսականները հեռանում էին կայանից:
Տուժածներից 5-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուս 4-ին հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
Դեռևս հայտնի չէ` կայծակը մե՞կ անգամ է հարվածել, թե՞ ոչ: Ավտոմրցման կայանի տնօրինությունը հայտնել է, թե դեռ պետք է պարզել` նրանք տուժել են կայծակի՞ հարվածից, թե՞ այլ պատճառներ են եղել:
Pocono Raceway-ը Փենսիլվանիայի Լոնգ-Պոնդ քաղաքում բացվել է 1971 թվականին: Այնտեղ, մասնավորապես, անցկացվում են NASCAR և Pennsylvania 400 ավտոմրցարշավները: Վերջինս այս տարի անցկացվում է օգոստոսի 3-5-ը: Կիրակի ավտոմրցարշավը անձրևի պատճառով կարճատև է եղել:







































