Օգոստոսի 8-ին լրանում է ռուսների կողմից Վրաստանի տարածքի 20%-ի բռնազավթման արդյունքում սկիզբ առած պատերազմի 4-րդ տարին: Այս մասին The Wall Street Journal -ում տպագրված իր հոդվածում նշում է վրացի գործարար, «Վրացական երազ» քաղաքական կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: «Ցավոք, Կովկասում լարվածությունը միայն ավելանում է, ինչը վտագանվոր է տարածաշրջանի, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի համար»,- գրում է նա:
«Ռուսաստանը շարունակում է բորբոքել պատմականորեն եկող թշնամություն, որպեսզի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, մնան անհավասարակշիռ վիճակում: Ցավոք, Վրաստանի ներկայիս կառավարությունը գործում է Պուտինի թելադրանքով»,- հաստատում է հոդվածագիրը:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, սակայն, ըստ նրա, կառավարությունը փոխելու հնարավորություն են ստեղծում: «Իմ կոալիցիայի` «Վրացական երազի»` ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում մենք կհրաժարվենք սառը պատեազմի իրավիճակից և ավելի արդյունավետ կվնասազերծենք մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը»,- խոստանում է Իվանիշվիլին: Նա առաջարկում է հետևյալ ծրագիրը. ժողովրդավարության զարգացում, արևմտյան արժեքների ընդունում, ներգրավում «եվրոպական և ատլանտյան ինստիտուներում», «այս պահին Ռուսաստանի զավթած տարածքների» ազատագրում, ուժեղ, պաշտպանական ուժերի ստեղծում:
Ի տարբերություն Սահակաշվիլու` «Վրացական երազը» «սուր չի ճոճելու», ընդգծում է հեղինակը. «Անհնար է կառուցել ամուր ապագա` շարունակելով Ռուսաստանին կամ մեկ ուրիշին ցույց տալ մեր ռազմական ուժը»:
Հեղինակը խոստանում է ամուր հիմք կառուցել խաղաղության համար: «Ռուսաստանի հետ երկխոսությունը մենք վարելու ենք հստակ և սկզբունքորեն»,- ավելացրել է նա:
Որոշ մարդիկ այս նոր ոճը ռուսական դավադրություն են համարում, հիշեցնում է Իվանիշվիլին, ապա պատասխանում` եթե ազատության հույս չլինի, ներքին պառակտումը կպայթեցնի վրացական հասարակությանը:






































