Ռուսական Коммерсант-ը գրում է, որ Վրաստանի ներքին գործերի աշխատակիցները անցած տարի մի շարք ահաբեկչական գործողությունների կատարման մեջ մեղադրվող աբխազ Մերաբ Կոլբայային ձերբակալել են Աբխազիայի Գալիի շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում:
Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները հաջող գործողություն են անցկացրել Գալիի շրջանում և հայտնաբերել Կոլբայային: Ձերբակալության ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն, կասկածյալը թեթև վնասվածք է ստացել և արդեն տեղափոխվել է Թբիլիսի:
Վրացական իրավապահ համակարգի աղբյուրները նշել են, որ «ոչ ոք ոչինչ չի համաձայնեցրել Աբխազիայի օկուպացիոն ուժերի կամ խամաճիկային իշխանությունների հետ: Քանի որ նրանցից աջակցություն հնարավոր չէ ստանալ, որովհետև հենց նրանք են ահաբեկչությունների կազմակերպիչները: Այդ իսկ պատճառով հատուկ գործողությունը ինքնուրույն ենք իրականացրել»:
Աբխազական իշխանությունները կտրականապես հերքել են վրացական ոստիկանության` Գալիում հատուկ գործողություն անցկացնելու հնարավորությունը, քանի որ այդ հատվածում Վրաստանի հետ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները: