Հալեպում ընդդիմադիրների հետ զինված ընդհարումներում կառավարական զորքերը կիրառում են հրետանի և ուղղաթիռներ, որոնցից կրակ են արձակում ապստամբների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ականատեսներին: «Ամեն րոպե երկու պայթյուն ենք լսում»,- հայտնել են ընդդիմադիրները:
Սիրիական ուժերը հարված են հասցրել Սալահեդին շրջանին: Ապստամբների հրամանատարի խոսքով` ընդդիմադիրներն այնտեղ պատրաստվում են կոշտ առճակատման: 3-4 օրյա հրետակոծումից հետո նախագահ Բաշար Ասադի զորքերը ծրագրում են քաղաքը լիովին «մաքրել» ապստամբներից:
Հալեպում ընդդիմադիրները փորձել են նաև գրավել հեռուստատեսությունն ու ռադիոկայանը, սակայն հետ մղվել կառավարական զորքերի կողմից: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ինքնաթիռներից կրակ է արձակվել ապստամբների դիրքերի վրա, կառավարական զորքերը իրականացրել են նաև ցամաքային օպերացիաներ:
Իշխանությունների և ընդդիմության միջև զինված դիմակայությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականի մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության դեմ իրականացված զանգվածային գազանությունների մեջ:
Պաշտոնական Դամասկոսը հաստատում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկիչների բանդաներ», որոնց աջակցում են արտերկրի արմատական իսլամիստական խմբավորումները:
ՄԱԿ-ը 2012-ի մարտին հայտարարել էր, որ սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 9000 քաղաքացիական անձ, սակայն այդ ժամանակվանից ի վեր դադարել է հաշվել զոհերին: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով` երկրում հակամարտությունը 19 հազար մարդու կյանք է խլել:








































