Կանադան առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի ներկայացուցիչների դեմ: Ինչպես հաղորդում է Ukrainian Weekly թերթը, այս մասին հայտնել է Կանադայի արտգործնախարարի խորհրդարանական քարտուղար Բոբ Դեչերտը:
Դեչերտի ««Մուկն ու կատու» խաղերը Ուկրաինայում» հոդվածում ասվում է, որ Կանադան կարող է մերժել այցագիր տրամադրել այն անձանց, որոնք չարաշահում են իշխանությունը, և սառեցնել նրանց հաշիվները:
Բացի այդ, խորհրդարանական քարտուղարն առաջարկել է, որ Կանադան շարունակի Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագրի վրա աշխատանքները, բայց այն չվավերացնի, քանի դեռ այդ երկրում օրենքի գերակայություն չի սահմանվել:
«Յանուկովիչը, որի հիմնական քաղաքականությունը հարուստներին ավելի հարուստ դարձնելն է և ընդդիմությանը բանտերում պահելը, կարծես համոզված է, որ Կանադան և մյուս ժողովրդավարական երկրները ի վիճակի չեն իրեն կանգնեցնել»,- ասվում է հոդվածում: – Բայց նրանք պարտավոր են: Եթե նրանք չդադարեցնեն այդ գործընթացը Ուկրաինայում, դա հետևանքներ կունենա ամբողջ խորհրդային տարածության վրա: Վատ կառավարությունները սպառնում են գլոբալ աշխարհին և անվտանգությանը, և մեր խնդիրը միայն Ուկրաինան չէ»:
Հենց դրա համար, Դեչերտի խոսքերով, Կանադան մյուս ժողովրդավարական պետությունների հետ զգոն կլինի օգոստոսի 16-ին, երբ տեղի կունենա Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բողոքի վերանայման հերթական նիստը:
Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետներն այժմ կոշտ բանաձև են պատրաստում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ուկրաինացի այլ պաշտոնյաների դեմ:










































