Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այսօր եգիպտական բանակը պաշտոնապես հրաժարվել է աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուին առաջադրելուց:
Այս մասին այսօր հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Մոխթար Մուլլան:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին երկրի գործող նախագահը 18-օրյա բողոքի բուռն ակցիաներից հետո հրաժարական տվեց, իսկ իշխանությունն անցավ զինվորականներին: Բոլորը սպասում էին, թե ինչ կարծիք ունի բանակն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, և արդյո՞ք այն պատրաստվում է սեփական թեկնածուով հանդես գալ այդ ընտրություններին:
Այս տարբերակի դեպքում զգալի կդժվարանային ժողովրդավարական գործընթացները Եգիպտոսում, քանի որ քաղաքացիական գործընթացներին զինվորականության միջամտությունը անցանկալի երևույթ է հատկապես այսօրինակ զարգացումներից հետո: