ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության խորհրդական Յուրի Մուրադովին:Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման նպատակն էր հստակեցնել Միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական երկրորդ ֆորումի նախապատրաստմանն առնչվող կազմակերպչական հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկրորդ ֆորումի ժամկետներին և ձևաչափին, միջտարածաշրջանային երկրորդ ցուցահանդեսի կազմակերպմանը,երկու երկրների կողմից համաժողովի համակարգողների միջև ակտիվ համագործակցության ապահովմանը վերաբերող հարցերի:
Նշվել է, որ երկրորդ համաժողովում շեշտն ավելի շատ կդրվի ՀՀ մարզերի և ՌԴ նահանգների միջև գործնական կապերի հաստատմանը,և այս առումով նաև կարևորվեց համագործակցության համաձայնագրերից բխող միջոցառումների ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:
ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը տեղեկացրել է, որ ՀՀ մարզպետներին արդեն հանձնարարականներ է ուղարկվել` ՀՀ մարզերի և ՌԴ համապատասխան շրջանների միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս համաժողովն ավելի գործնական բնույթ կունենա և կնպաստի երկու երկրների շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների միջև փոխշահավետ կապերի հաստատմանը:






































