Օգոստոսի 5-ին կմեկնարկի Հայաստանի 5 մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Նշենք, որ դրանց թվում են նաև շուրջ երկու տասնյակ քաղաքային համայնքներ, որոնցում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես` քաղաքապետ են ընտրելու Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Էջմիածնում, Մասիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում:









































