Դեռևս երկու ամիս առաջ՝ հունիսին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը հաստատել է 2013 թվականի արտաքին օժանդակության մասին բանաձևը, որտեղ առաջին անգամ հատուկ տողով նշել է նաև Սիրիայում ապրող հայերին օգնելու անհրաժեշտությունը։
Ընդունված փաստաթղթում Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնաժողովը փաստում է, որ Միջին Արևելքում արձանագրված վերջին իրադարձությունները՝ Արաբական գարունն ու Սիրիայում սկիզբ առած բախումները, էլ ավելի են մեծացրել քրիստոնյաներին նետված մարտահրավերները՝ հակամարտություններով ու անկայունությամբ լի այս տարածաշրջանում։ Դժվարության մեջ գտնվող փոքրամասնությունների շարքում հատուկ նշելով հայերին՝ կոնգրեսական հանձնաժողովը կոչ է անում Միացյալ Նահանգների պետքարտուղարին՝ նրանց մարդասիրական օժանդակություն, ինչպես նաև վերաբնակեցման աջակցություն տրամադրել։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը փաստել է, Ներկայացուցիչների տան Արտաքին հատկացումների հանձնաժողովը առաջին անգամն է այս մասին ձևակերպում ընդգրկում իր տարեկան բանաձևում։
«Հատուկ գումար չի ճշտում այս բանաձևը, այլ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը՝ զորավիգ կանգնել հայ գաղութին և քրիստոնյա գաղութներին։ Սա առաջին անգամն է, որ այս տեսակի գրություն, այս տեսակի պարբերություն ներփակված է որևէ մեկ արտաքին օժանդակության բանաձևի մեջ», – ասել է Չուլջյանը։
Սիրիացի փախստականների վերաբերյալ բաժնում կոնգրեսականները նաև կոչ են անում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին աշխատել Սիրիայի հարևան երկրների հետ, որպեսզի վերջիններս բաց պահեն սահմանները՝ բռնությունից փախչողների առջև, և հնարավորություն տան, որ նրանք օգտվեն դպրոցներից ու բժշկական հաստատություններից։
Նշենք, որ օրենքի ուժ ստանալու և Միացյալ Նահանգների՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում տեղ գտնելու համար, այս փաստաթուղթը դեռևս պետք է համաձայնեցվի Սենատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի հետ։ Ընթացակարգը հետևյալն է. Սենատի և Ներկայացուցիչների տան հանձնաժողովները առանձին-առանձին են կազմում հաջորդ տարվա արտաքին հատկացումների ծրագիրը, հետո համատեղ նիստ են անցկացնում՝ տարբերությունները քննարկելու և փոխզիջումային, վերջնական տարբերակ ընդունելու համար։
Այս տարի «տարբերությունների» թվում է նաև սիրիահայերին օգնելու հարցը, քանի որ Սենատի կազմած տարբերակում նրանց կամ Միջին Արևելքի քրիստոնյաներին օգնելու դրույթ չի նախատեսված։ Այժմ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, հայ լոբբիստները աշխատանք են տանում, որպեսզի Սենատը ևս համաձայնի վերջնական տարբերակում ընդգրկել սիրիահայերին վերաբերող առաջարկը։
«Օգոստոսի մեջ է, որ Սենատի և Ներկայացուցիչների տան միջև տարբերությունները պետք է հարթվեն, և այս փուլին մեջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պետք է շարունակի աշխատել, որ պետք եղած բաժինը՝ վերաբնակեցման վերաբերյալ, մարդասիրական օգնության վերաբերյալ, լինի նաև 2013 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների մասին վերջնական բանաձևում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էլիզաբեթ Չուլջյանը։










































