«Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը համամիտ չէ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի այն հայտարարությանը, թե ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխությունների հետևանքով կարող է եզդիների արտագաղթ գրանցվել:
Հիշեցնենք, որ ըստ փոփոխությունների՝ Հայաստանում աղջկա ամուսնանալու տարիքը սահմանվել է 18 տարեկանը` նախկին 17-ի փոխարեն: Ազիզ Թամոյանը հայտարարել էր, որ եզդի աղջիկներն ավելի վաղ տարիքում են ամուսնանում, իսկ 18 տարեկան աղջիկը եզդիների հմար արդեն ծերացած է: Նա ահազանգել էր, որ կատարված փոփոխությունները կհանգեցնեն եզդիական համայնքի արտագաղթին:
«Մենք գտնում ենք, որ արտագաղթի պատճառ չի կարող լինել ամուսնական տարիքը: Արտագաղթի պատճառներն ավելի խորն են՝ սոցիալ-տնտեսական պայմանները»,- նշեց Շարոյանը:
Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի 18 տարեկան աղջիկներին պառաված (պիրասա) անվանել: «Մենք պիրասա անվանում ենք 50 տարեկանից բարձրերին, 18 տարեկանը ի՞նչ պիրասա»,- հարցադրում արեց նա:
Շարոյանը հերքեց այն խոսակցությունները, թե եզդի համայնքի ներկայացուցիչներն ամուսնանում են 13-14 տարեկանում: «21-րդ դարում եթե որևէ մեկն ամուսնանում է 13-14 տարեկանում, խնդրում եմ` ինձ ասեք: Այդ տարիքի երեխան հազիվ հասունանում է, ի՞նչ ամուսնանա»,- ասաց նա:
Ամո Շարոյանը նշեց, որ իրենք կողմ են ամուսնությունները 18 տարեկանից սահմանելուն: «Բայց պետք է ստորակետ դնել և օրենքում նշել, որ բացառիկ դեպքերում աղջիկներին թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանից, տղաներին՝ 17 տարեկանից, որպեսզի բացառիկ դեպքերում ընտանիքներ չքայքայվեն»,- ասաց նա:
«Շանգալ» թերթի խմբագիր Զադա Ուսուբյանը նշեց, որ խառնամուսնություններն ընդունված չեն եզդիական համայնքում: Եզդիները դեմ են նաև հայերի հետ ամուսնությանը, ազգակցական ամուսնություններին, ինչը հնում ընդունված է եղել նրանց մոտ: «Դա շատ սխալ է. բարեկամական ամուսնությունից հիվանդ երեխա է ծնվում: Անգամ ֆերմաներում ցուլը ուրիշ տեղից էին բերում»,- ասաց Զադա Ուսուբյանը:
Եզդիական համայնքի ներկայացուցիչները դժգոհում են, որ իրենք ներկայացուցիչ չունեն ԱԺ-ում և զրկված են օրինագծերի քննարկմանը մասնակցելուց: Դժգոհում են նաև, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության օրենսդրությունը չի գործում, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող պետական կառույց չկա:








































