Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մուամեր Թյուրքերը հանդիպել է Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեյնպուրի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունները և Սիրիայում տիրող իրավիճակը:
Իրանցի դեսպանը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան մտադիր են հետագայում էլ ավելի ամրագրել իրենց զարգացող հարաբերությունները: Դեսպանի խոսքերով՝ Իրանն ու Թուրքիան անկախ և խաղաղասեր պետություններ են և 400 տարի շարունակ միմյանց հետ չունեն սահմանային կոնֆլիկտներ: Դեսպանը բարձր է գնահատել նաև Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցություններում Թուրքիայի դերակատարությունը:
Մուամեր Թյուրքերն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ պայքարում են ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ: Թյուրքերը կարևորել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը և երկու երկրների սահմանային համագործակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը, ինչը դրականորեն կանդրադառնա երկու երկրների բնակչության բարեկեցության վրա: