Ղարաբաղյան հանգստյան տներում հանգստացողները քիչ են: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց hotels.am կայքի ներքին տուր մենեջեր Տիգրանուհի Ալեքսանյանը` անդրադառնալով հայաստանաբնակների հանգստյան նախասիրություններին: Նա նկատեց, որ հայաստանյան և ղարաբաղյան հանգստյան տների միջև գնային տարբերություն հիմնականում չկա, նույնն է: Ըստ Տիգրանուհի Ալեքսանյանի` Ղարաբաղում էլ կան և՛ էժան, և՛ թանկ տարբերակներ:
« Ղարաբաղում միջին կարգի հյուրանոցը 2 անձի համար 17 հազար դրամ է: Կան անձը 6000 դրամից սկսված տարբերակներ, Հայաստանում ևս կան նման տարբերակներ: Հայաստանաբնակները հետաքրքրվում են Ղարաբաղի հանգստյան տներով, բայց չեն գնում հեռավորության պատճառով, սրանում համոզվում ենք այն հարցումներով, որոնք ստանում ենք քաղաքացիներից: Ղարաբաղում շատ ավելի քիչ հայաստանաբնակներ են նախընտրում հանգստանալ»,- մեկնաբանեց տուրմենեջերը` շարունակելով, որ այս սեզոնին նախընտրում են հանգստանալ Ջերմուկում, Ծաղկաձորում և Ստեփանակերտում: Նրա խոսքով` Ղարաբաղը պահանջարկի առումով վերջին տեղերում է:
Ներկայացնենք Լեռնային Ղարաբաղի մի քանի հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու գները: Շուշի քաղաքի պատմական հատվածում գտնվող «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցում ստեղծված պայմաններից այցելուները կարող են օգտվել մեկ անձի համար նախատեսված սենյակում 11 500 դրամով, 18 000 դրամով երկտեղանոց սենյակները, երկտեղանոց առանձին մահճակալներով սենյակներն արժեն 20 000 դրամ, երեք տեղանոց` 24 հազար դրամ, սուպերիոր երկտեղանոցʽ 29 500 դրամով:
«Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցում մեկտեղանոց սենյակի օրավարձը 19000 դրամ է, երկտեղանոցը` 25000 դրամ, ընտանեկանը` 48000 դրամ, սուիտը` 65000 դրամ:
Ղարաբաղում «Արմենիա» հյուրանոցի գնային քաղաքականությունը սկսվում է 24 000 դրամից: «Նաիրի» հյուրանոցում` 14 000 դրամից: Ամենաէժան տարբերակներից մեկը «Շուշի» հյուրանոցն է, որտեղ սենյակների վարձակալությունը սկսվում է 6000 դրամից:









































