Եմենում անհաջող մահափորձ է կատարվել ինֆորմացիայի նախարարի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով կառավարության աղբյուրին: Մայրաքաղաք Սանայում օգոստոսի 2-ին զինյալները կրակ են բացել նրա մեքենայի ուղղությամբ: Նախարարը չի տուժել, նրա երկու օգնականները վիրավորվել են:
Միջադեպը վկայում է այն մասին, որ երկրում, ինչպես նախկինում, անկայուն վիճակը պահպանվում է: 5 ամիս առաջ պետության նախկին առաջնորդ Աբդուլլա Սալեհը պաշտոնապես հեռացվեց իշխանությունից: Նախագահի պաշտոնում Սալեհին փոխարինելու եկավ նրա տեղակալ Աբդու Ալ-Հադին: Սալեհին տապալելու նպատակով սկսված դիմադրության ժամանակ «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող գրոհայինները ամրապնդել էին իրենց դիրքերը երկրի հարավում և արևելքում:
ԱՄՆ-ը համարում է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցում ամենավտանգավորը եմենյան թևն է:









































